Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտում է

ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտում  է

Արդեն որերորդ անգամ ականատես ենք լինում ամենամարդասիրական մասնագիտություն ունեցող մարդու նկատմամբ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում ցուցաբերված վայրագության։


Նոյեմբերի 21-ին, ժամը 00:53-ին Սասունցի Դավիթ նրբ. 35 տուն հասցեից Սրբուհի Տոնիկյանի անվամբ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ –ի 1-03 ծառայությունում գրանցվել է N 71 կանչը: Ի դեպ, Ս. Տոնիկյանը քրոնիկ հիվանդ է և բազմիցս դիմել է 1-03 ծառայությանը` թոք-սրտային անբավարարություն ախտորոշումով:


Թիվ 4 ենթակայանում և մոտակա բոլոր ենթակայաններում ազատ բրիգադ չլինելու պատճառով կանչը փոխանցվել է Նուբարաշենի հենակետային կայան, և N 42 բրիգադը՝ բժշկուհի Ժաննա Բաբայան, մեկնել է նշված հասցեով: Բրիգադը հիվանդի մոտ է հասել  17 րոպեում: Ցավոք, մինչև շտապօգնության հասնելը, հիվանդը մահացել է։ Սակայն դա երբեք իրավունք չպետք է վերապահեր բռնություն կիրառել  և անվայելուչ վիրավորանքներ հասցնել օգնության եկած մասնագետի նկատմամբ։ Մեքենայից իջնելուն պես հիվանդի հարազատներից մեկը (տղամարդ) բժշկուհու հագուստից բռնելով, քարշ տալով ներս է տարել,  սպառնացել  դանակով և հայհոյել: Շտապօգնության վարորդին հաջողվել է դանակը խլել  սպառնացողի ձեռքից:


Այս ամենի մասին տեղյակ է պահվել ոստիկանությանը: Առավոտյան բժշկուհին ոստիկանության ուղեգրով դիմել է դատաբժշկական քննության:


Շտապօգնության բժշկի նկատմամբ մեկ այլ վայրագություն է արձանագրվել այսօր,  ժամը 13:52-ին Դավիթաշեն 5փող. 25ա տուն հասցեից Վարդան Ծառուկյանի անվամբ 1-03 ծառայությունում գրանցված N 273 կանչի ժամանակ: Կանչի մեկնել է թիվ 2 ենթակայանի N 21 բրիգադը՝ բժիշկը Գագիկ Ներսիսյան: Բրիգադը նշված հասցե է հասել 6 րոպեում: Բժշկի ներս մտնելուն պես հիվանդը շնչահեղձ լինելով ասել է, որ 40 րոպե խնդրել է հարազատներին շտապօգնություն կանչել: Առաջին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում (թթվածին տալու ժամանակ) հիվանդը մահանում է: Ցավոք, բժշկի կողմից կատարված վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումներն արդյունք չեն տվել: Երբ այդ մասին հայտնել են հիվանդի տղային, նա հարձակվել է բժշկի վրա, հարվածել գլխին, կրծքավանդակին: Այս պահին բժիշկը  գտնվում է «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբուժական բաժանմունքում:


ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է բժշկի հանդեպ կատարված ցանկացած ոտնձգություն, առավել ևս վայրագության հասնող  նման գործողությունները։


Սա խարան է մեր ողջ հասարակության համար և չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ։


Զազրելի ու դատապարտելի շարունակաբար կրկնվող նման միջադեպերը պետք է ողջ հանրության պարսավանքին արժանանան։
Դժվար է մարդկային համարել այն քայլը, երբ մարդը բիրտ ուժ է կիրառում բժշկի վրա, ով մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար է տուն մտնում։


Առողջապահության նախարարությունը հետամուտ կլինի բուժաշխատողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի յուրաքանչյուր միջադեպի նկատմամբ։ Վստահ ենք, որ իրավապահ մարմիններն անհետևանք չեն թողնի յուրաքանչյուր նման դեպք և առավել խիստ կմոտենան բուժաշխատողների հանդեպ ոտնձգություն կատարած անձանց նկատմամբ։


Միաժամանակ բուժաշխատողներին հորդորում ենք չենթարկվել սադրանքների և մասնագիտական պարտականություններն իրականացնել անվերապահ ու լիարժեք։ Իսկ հիվանդների հարազատներին կոչ ենք անում հարգալից վերաբերել բուժաշխատողներին, ձեռնպահ մնալ միջամտելու կամ որևէ այլ կերպ խոչընդոտելու նրանց պատասխանատու և մարդասիրական գործը։ Նման երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայություն
Լուսանկարը. doctor-nikolskiy.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

27.01.2015

Հարգելի Նորայր, շնորհակալություն ուշադրության և հետևողականության համար:

Արփինե

25.01.2015

Ինքս հայ բժշկուհի լինելով ամաչում եմ որ նմանատիպ դեպքերի մասին եմ տեղեկանում. Պարզապես վայրենություն, ուրիշ կերպ դժվարա անվանել

Նորայր

24.01.2015

Շնորհակալություն

Նորայր

24.01.2015

''Արդեն որերորդ անգամ ականատես ենք լինում ամենահումանիտար մասնագիտություն ունեցող մարդու նկատմամբ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում ցուցաբերված վայրագության։'' ՀՈւՄԱՆԻՏԱՐ ՉԻ ՀՈՒՄԱՆԻՍՏԱԿԱՆ կամ գոնե ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ: ՈւՂՂԵՔ, ԱՄՈԹ Է:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ